Архив за день: 24.05.2021

Մենք գնում ենք ճամփորդության

Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։